Հայաստանում վախի մթնոլորտ է, նպատակը հոգեբանորեն ազդելն է ամենաարժանապատիվների վրա. Հրանտ Մարգարյան
Այսօր Հայաստանում վախի մթնոլորտ է, որով փորձ է արվում հոգեբանական ազդեցություն գործել ամենաարժանապատիվների վրա: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Ամենամեծ երևույթը, որ այսօրվա Հայաստանի մեջ տեսնում եմ՝ վախն է, ոչ անպայման ֆիզիկական հալածանքի վախ, այլ վախ խայտառակ լինելուց, մարդկանց խոսակցության նյութ դառնալուց, որ վաղը կասեն՝ «կոռմպացված է, թալանչի է», և դու պիտի փորձես ասել՝ «ախր ի՞նչն եմ թալանել, ո՞նց եմ կոռումպացված եղել»: Վախ, որ քեզ պետք է հայհոյեն ու մնան կեղծանունների տակ: Այդ վախն այսօր ավելի մեզ կաշկանդող է, քան եթե ստալինյան ռեժիմ լիներ, բռնեին Սիբիր ուղարկեին», - ասաց Մարգարյանը:
Հոգեբանական այս ազդեցությունն է իրենց նպատակը, ըստ Հրանտ Մարգարյանի, քանի որ մարդիկ կան, որոնց արժանապատվությունը իրենց կյանքից կարևոր է և նրանք գիտեն՝ ոնց ամենակարևորներին չեզոքացնել։
«Ամենաարժանապատիվներն ամենաշատ վախկոտն են այս առումով, բայց իմ կոչն է՝ չվախենալ։ Չվախենանք ոչ մի բանից, չվախենանք ֆեյսբուքյան ֆեյքերից, թող ինչ ուզում են ասեն՝ մի ընթերցեք»,-ասաց նա։
Հրանտ Մարգարյանն ընդունում է, որ գաղափարի շուրջ պետք է հավաքվել, բայց համոզված է, որ դա բավարար չէ՝ կազմակերպվածություն է պետք, կազմակերպված գործի շուրջ պետք է համախմբվել։