ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` արդարադատության նախարարի միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց մերժել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը։
Նիստը սկսվելուն պես ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ԲԴԽ վճռի եզրափակիչ մասը։ Որոշումը հրապարակելուց հետո՝ ԲԴԽ նիստին Ազարյանին աջակցելու համար ներկա գտնվող մի շարք փաստաբաններ ծափահարություններ հնչեցրին։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված հաղորդումը։ Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետեւյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։ Ըստ նախարարության՝ այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։ Ինքը՝ Ազարյանը հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։