Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում տեղի է ունեցել 35 000 հոգանոց չարտոնված հանրահավաք․ Interfax (տեսանյութ)
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում տեղի է ունեցել մինչև 35 000 հոգանոց չարտոնված հանրահավաք՝ սատարելու սպանության մեղադրանքով ձերբակալված նահանգապետին՝ Սերգեյ Ֆուրգալին, հայտնում է «Interfax»֊ը։ Ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցները կեսօրին հավաքվել են կենտրոնական հրապարակում: Նախօրեին քաղաքային իշխանությունները կենտրոնը ցանկապատել են մետաղական ցանկապատերով՝ դա բացատրելով ախտահանման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։ Բայց ցուցարարները հանել են ցանկապատը և հավաքվել հրապարակում: Դրանից հետո, «Ազատություն Ֆուրգալին», «Պուտինը գող է» վանկարկումներով, նրանք երթով շարժվել են դեպի կենտրոնական փողոց: Նշվում է, որ ցուցարարները երթով անցել են 4-5 կմ տարածք: Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը, որոնց շարքում և՛ երիտասարդներ էին, և՛ միջին, և′ ավելի մեծ սերնդի մարդիկ, առանց դիմակների էին: Ոստիկանությունը հանգիստ հետևել է հանրահավաքին ու խաղաղ երթին, իսկ որոշ շրջաններում նույնիսկ նրանց ուղեկցել են պարեկային ավտոմեքենաներ: Չարտոնված հանրահավաքը տևել է ավելի քան չորս ժամ և անցել առանց միջադեպերի և ձերբակալությունների: