Ծիրան արտահանողը վնասներ է կրել. խնդրի առաջ է կանգնել նաև Պետերբուրգում
Եվս մեկ հայկական համարանիշով բեռնատար չեն թողել մտնի Մոսկվայի շուկա և ծիրանը իրացնի: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հայաստանից ծիրան արտահանող Գեղամը պատմեց, որ Նովոսիբիրսկ են տեղափոխվել Պետերբուրգից, որտեղ ևս չեն թողել իրացնել ապրանքը նույն պատճառաբանությամբ՝ ինչ «Ֆուդ Սիթի» գյուղմթերքների շուկայում:
«Այնտեղ ևս արգելեցին «Հայաստան», «Հայկական», «Երևան» և հայկական այլ պիտակներով ապրանքների վաճառքը: Ստիպված եղանք տեղափոխվել Նովոսիբիրսկ: Մեր հայերի շնորհիվ այստեղ ամեն ինչ նորմալ է, կարողանում ենք ծիրանը վաճառել, հայերը գալիս, առնում են: Ճիշտ է որոշակի վնասներ ենք կրել, որովհետև ավելի էժան գնով ենք վաճառում, բայց գոնե ծիրանը չի փչանում»,- ասաց արտահանողը՝ նշելով, որ Նովոսիբիրսկում հայկական բառերի հետ կապված որևէ խնդիր չի առաջացել:
Նա նշեց, որ Նովոսիբիրսկի շուկայում, կարծես թե, միայն իրենք են հայ, համենայնդեպս շուկան բավականին մեծ է և այլ հայերի դեռ չեն հանդիպել:
Նշենք, որ արդեն 2 օր է մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը չեն կարողանում իրացնել ռուսաստանյան շուկաներում: Այսօր վաղ առավոտից Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայի տնօրինությունը արգելել էր հայկական համարանիշներով ֆուռերին մուտք գործել տարածք և իրացնել ծիրանը: Մեր մեծ թվով հայրենակիցներն ի աջակցություն առևտրականների բիզնեսի՝ հերթ էին կանգնել հայկական ծիրան գնելու համար: Ի վերջո՝ ռուսաստանաբնակ հայերի շնորհիվ խնդիրը լուծում ստացավ, մասնավորապես, գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար տարածք կտրամադրվի հայկական գյուղմթերքով բեռնատարներին «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում: