Անգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ)

Կոմպոզիտոր և երաժշտական մեկնաբան, Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը ներկա է եղել դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր` /Թամարայի / Տոմայի և նրա ընտանիքի անդամների հոգեհանգստին:
Հիշեցնենք, որ ողբերգական վթարից զոհված ընտանիքի 4 անդամների հոգեհանգիստը կայացել է այսօր, ՆորՆորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Տեղում է եղել նաև մեր նկարահանող խումբը, սակայն լրատվամիջոցներին թույլ չի տրվել նկարահանումներ իրականացնել:
Newmedia.am-ի հետ զրույցում Նաիրա Դիվանյանն ասաց, որ անգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի կարողացել մեղմել ընտանիքի, հարազատների, գործընկերներ-արվեստագետների զգացմունքային հրաժեշտը։
«Սարսափելի է տեսնել նույն տեղում և նույն ընտանիքից 4 դի: Այն էլ Ալլայի ու Արմենի էդքան ջերմ ու պինդ ընտանքից։ Ուզում եմ հավատալ, որ Աստծո նախախնամությամբ, իրար հետ ժամեր ու օրեր հրաշալի վայելելով, Տաթևի վանքում վերջին Օրհնությունը ստանալուց հետո այս համերաշխ, բարի, լուսավոր էակները, այս Սեր տարածող մարդիկ պիտի միասին ու համերաշխ դառնային հրեշտակներ։ Պարզապես մեզ՝ ապրողներիս համար շատ դժվար պիտի լինի»,- ասաց Նաիրա Դիվանյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Օգոստոսի 9-ին, Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը և Toyota մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:
Toyota-ն վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Միհրան Գյուլզադյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աշոտ Գևորգյանը։
Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Միհրան Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։