«Ես պնդեցի անհապաղ դադարեցնել կրակը». Օ'Բրայենը՝ Բայրամովին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, ով առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, Թվիթերի իր էջում գրառումներ է արել:
Անդրադառնալով Բայրամովի հետ հանդիպմանը՝ Օ'Բրայենը գրել է.
«Ես պնդեցի անհապաղ դադարեցնել կրակը, վերադառնալ Հայաստանի հետ բանակցություններին Մինսկի խմբի շրջանակներում եւ հրաժարվել արտաքին դերակատարների ներգրավվածությամբ իրավիճակի հետագա ապակայունացումից։ Ռազմական լուծում գոյություն չունի»։
Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը՝ նա գրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում մինչև հակամարտությունը լուծվի։ «Քննարկեցինք հրադադարի անհապաղ հաստատման և Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը»,-նշել է Օ'Բրայենը:
“In my meeting with Azerbaijani FM @bayramov_jeyhun, I pressed for an immediate ceasefire then a return to Minsk Group-facilitated negotiations with Armenia, & rejection of outside actors further destabilizing the situation. There is no military solution.” –NSA Robert C. O’Brien pic.twitter.com/0WG24kadoR
— NSC (@WHNSC) October 23, 2020