Փաշինյանն անհետ կորածների ծնողների հետ հանդիպմանն ասել է, որ իրենց խնդրով հանդիպում ունի Տիգրան Ավինյանի հետ
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց, որից հետո նրանք որոշեցին ակցիան շարունակել Ռուսաստանի դեսպանատան մոտ: Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու ուղղությամբ:
«Մենք, երբ ասում էինք, որ վիրավոր և շրջափակման մեջ գտնվող տղերք կան, որոնց պետք էր օգնության հասնել, մարդիկ պատճառաբանում էին, որ այդ տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում և չեն կարող օգնություն ցույց տալ: Բայց ես ասացի, որ եղել է, դեպք հենց ինձ հետ կապված, երբ ամսի 10-ին զանգահարել է ինձ եղբորս տղան, ասել է, որ շրջափակման մեջ են: Ես 3 րոպե հետո այդ հեռախոսազանգը փոխանցել եմ Գորիսի ռազմական ոստիկանություն, որ շտապ միջոցներ ձեռնարկեն, բայց անգամ այդ ժամանակ չեն արել որևէ գործողություն, որ մեր երեխեքին այդ տարածքից հանեն, ուր մնաց հիմա, երբ այդ տարածքները Ադրբեջանինն են արդեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորի հարազատներից մեկը:
Ըստ նրա խոսքերի՝ դեռ 2 օր առաջ «Կարմիր խաչը» պետք է մտներ Հադրութ և աշխատանք իրականացներ, սակայն Ադրբեջանը տարածքը փակել է և թույլ չի տվել որևէ աշխատանք իրականացնել այնտեղ. «Պատերազմի ընթացքում ամենաշատ զոհերը եղել են Ջաբրաիլում, ու հիմա էլ այնտեղ շատ վիրավորներ կլինեն»,- ասաց անհետ կորած զինվորի հարազատներից մեկը:
Վերջինս նշեց, որ երեկ վարչապետի հետ հանդիպումը շատ կարճ է տևել, քանի որ վարչապետը շտապելիս է եղել, ասելով՝ իրենց խնդրով պետք է հանդիպման գնա Տիգրան Ավինյանի հետ: