Գործ ենք ունեցել շատ մեծ դավաճանական ծրագրի հետ․ քաղաքագետ
Ամեն ինչ արվում էր՝ իզոլացնելու հնարավոր բոլոր կարող ուժերին։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։
«ԳՇ պետը նշում է, որ պատերազմից ամիսներ առաջ իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատականը տվել է։ Նա ներկայացնում է ողջ զինվորականության տեսակետն իրավիճակի վերաբերյալ, դու ստանում ես այդ պատկերը և դիվանագիտական բոլոր խողովակներով շարունակում ես պատերազմ հրահրել։
Այստեղ հնարավոր երկու տարբերակ կա. կա՛մ մենք գործ ենք ունեցել շատ մեծ դավաճանական ծրագրի հետ և դեռ հարց է՝ դա ավարտվել է, թե դեռ դրա մեջ ենք։ Այն, որ տկարամիտ էին, անփորձ էին, ոչնչից տեղյակ չէին, անհայրենիք էին գիտեինք, բայց անգամ դրանով շատ հարցեր չեն բացատրվում»,- նշեց քաղաքագետը։
Հարցին՝ այս գործընթացը միտումնավո՞ր է իրականացվել, Կարեն Բեքարյանը նկատեց՝ փաստերն ամբողջությամբ դիտարկելով՝ քիչ հույսի տեղ է մնում, որ սա միտումնավոր չէ. «Դա իրավական գործընթացի խնդիր է, և այդ իրավական գործընթացը պետք է լինի, եթե ուզում ենք ունենալ ապագա։ Ով ինչ արեց, ինչու, երբ և ինչու տապալեց հնարավոր ամեն ինչ։ Բանակում յուրաքանչյուրն իր տեղում իր ձեռքից եկածն արել է, դա զինվորի պարտությունը չէ»,- ասաց քաղաքագետը։