«Իմ հորաքույրները թույլ չէին տա այդպիսի էժանագին շոու». Կարեն Համբարձումյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ երեկ վարչապետի Սիսիան կատարած ժամանակ նրան «փրկիչ» անվանած կինը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի hորաքույրն է։
Մեկնաբանություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ, որը հերքեց տարածված տեղեկությունը. «Դա լկտի սուտ է, այդ կինը իմ հորաքույրը չէ: Ես ունեմ 3 հորաքույր՝ փոքր հորաքույրս մահացել է, մեծ հորաքույրս 75 տարեկան է և Երևանում է, իսկ մյուս հորաքույրս ապրում է Սիսիանի Սյունիք թաղամասում: Բոլոր սիսիանցիները, իմ մտերիմ շրջապատի մարդիկ, ընտանիքիս բարեկամննեը, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն նաև իմ հորաքույրներին, և գիտեն նաև՝ երբեք իմ հորաքույրները թույլ չէին տա այդպիսի էժանագին շոու»,- ասաց իմքայլական պատգամավորը:
Մեր այն հարցին, թե երեկվա Նիկոլ Փաշինյանի հետ սյունեցիների հանդիպումը արդյո՞ք շոու էր իր համար, պատասխանեց. «Իմ ասածը այն էր, որ, եթե իմ հորաքույրը լիներ, այո՛, այն կնմանվեր շոուի: Այդ ստի պատճառը այն է, քանի որ տեսնում են, թե ժողովուրդը ինչպիսի սեր ու հարգանք է տածում վարչապետի նկատմամբ»,- նշեց Կարեն Համբարձումյանը:
Նա մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ երեկվա հանդիպմանը չկար մեկը, որը այնտեղ էր՝ ոչ իր կամքով. «Մարդիկ, բոլորը իրենց ցանկությամբ եկել, հանդիպել էին մեր երկրի վարչապետի հետ: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ ներկա գտնվողներից որևէ մեկին, որևէ բան չի ասվել նախօրոք: Ամենայն ազնվությամբ ես երեկ իմ քաղաքում տեսել եմ, թե ինչպիսի սեր է վայելում Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց պատգամավորը:
Զվարթ Պետրոսյան