Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում․ 3 վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում УАЗ մակնիշի ավտոմեքենան Քաջարան քաղաքի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի «Արջի» արձանի հարևանությամբ, ճանապարհին առկա ձյան ու մերկասառույցի պատճառով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 60 մետր սահելով, հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է Shasmhyan.com-ը, վթարի հետևանքով մեքենայում գտնվող 50-ամյա Կարեն Կարապետյանը, 42-ամյա Համբարձում Թովմասյանը և 61-ամյա Ռոման Արծրունովը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափովել «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են մեքենան և սահմանազատել տարածքը։
Հիվանդանոց տեղափոխվածներն էլ ՀՀ ՊՆ ծառայողներ են։ Ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը։