«Եթե իրենց վրա վստահ լինեին՝ կգնային ընտրությունների ճանապարհով. այդ ինչ փոխվեց 10 օրվա ընթացքում»
Օրերս «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում էլ չկա արտահերթ ընտրությունների պահանջ: Սակայն այդպես էլ չմասնավորեցվեց՝ Նիկոլ Փաշինյանն է առաջարկել հրաժարվել արտահերթ ընտրություններից, և «Իմ քայլը» համաձայնել է, թե՞ հակառակը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ առանձնապես կարևոր էլ չէ, թե ով է որոշել, սակայն եթե իմքայլականները համոզված լինեին, որ կարող են արագ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել և համապատասխան ձայներ ստանալ՝ անպայման կգնային ընտրությունների ճանապարհով:
«83 անդամ ունեցող խմբակցությունը, եթե վստահեր պատգամավորներին, ապա կգնար արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու կրկին կընտրվեր: Մի կողմից վստահ չէին 83-ի վրա, մյուս կողմից էլ վստահ չէին, որ ձայն կստանան: Բոլորս ուզում ենք հասկանալ, թե ինչպես որոշեցին, որ 10 օր առաջ կար այդ պահանջը, իսկ հիմա՝ ոչ, ի՞նչ փոխվեց այս ընթացքում»,- ընդգծեց պատգամավորը:
Ընդդիմությունը փետրվարի 20-ին հանրահավաք կիրականացնի, Մելքումյանը շեշտում է՝ փետրվարի 20-ից հետո ժողովուրդը կրկին կակտիվանա և կրկին կառաջանա այդ պահանջը. իմքայլականներն այդ ժամանակ ի՞նչ կորոշեն։
Դիտարկմանը, թե հնարավոր է ընտրությունների պահանջ չտեսնելը կապված է Ռոբերտ Քոչարյանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ, պատգամավորը նկատեց. «Քոչարյանը մինչ այդ էլ այդ 17 կուսակցությունների շրջանակում էր գործում, այնպես չէր, որ չկար: Կարևորը գործողություններն են, այսօրվա կարևոր խնդիրը այս իշխանությանը հեռացնելն է, հետո գնալ կարգավորման ճանապարհով, ինչպես հայտարարել ենք 17 կուսակցությունների ռեժիմով»:
Անդրադառնալով փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին՝ Մելքումյանն ասաց, որ կլինեն քաղաքական տարբեր ակցիաներ. «Դրանք կլինեն շարունակական, անձամբ չեմ մասնակցում, բայց կլինեն այնպիսի լուծումներ, որոնք կբերեն մեզ համար ցանկալի արդյունքի»:
Արփինե Հակոբյան