«Ծիրանի» ռեստորանում 23-ամյա երիտասարդին սպանած 24-ամյա ՌԴ քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 12-ին, ոստիկանության Աբովյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանին սպանելու և Հրազդան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ստեփան Կարապետյանին դանակահարելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը բավարարի միջնորդությունը, որը և դատարանն արել է ու եթե Մ. Խոդերյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, նա կալանավորվելու է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական մարմինը կատարել է հսկայածավալ աշխատանքներ, լսել են դեպքին ականատես վկաներին, այդ թվում՝ միջոցառման մասնակիցներին և մահացածին ու վիրավորին տեղում առաջինը օգնություն ցուցաբերած երիտասարդ աղջկան և մեկ այլ քաղաքացու, ինչպես նաև ավելի ուշ՝ վիրավորներին օգնության հասած ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներին ու մյուս ծառայողներին:
Հայտնաբերվել է նաև այն ավտոմեքենան, որով վիրավորին տեղափոխել են հիվանդանոց ու ճանապարհին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենայի մեջ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում