Ըստ Մակունցի՝ թավիշը վերացնելու քաղաքացիների պահանջը վերաբերում է դատական համակարգում փոփոխությանը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ քաղաքացիների կողմից վարչապետին ուղղված՝ թավիշը վերացնելու պահանջն առաջին հերթին վերաբերում է դատական համակարգում փոփոխություններին: Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունն իր տված խոստումը չի կատարում, որ քաղաքացիները փակում են մայրուղին՝ վարչապետից պահանջելով վերացնել թավիշը:
«Ես կարծում եմ, որ այդ արտահայտությունն առաջին հերթին վերաբերում է դատական համակարգում փոփոխություններին: Այստեղ քաղաքացիներն ունեն արդարադատություն իրականացնելու պահանջներ»,-ասաց խմբակցության ղեկավարը:
Նա միևնույն ժամանակ կարևոր համարեց հասկանալ, թե ինչ է նշանակում «թավիշը վերացնել» արտահայտությունը: Մակունցը հույս հայտնեց, որ քաղաքացիները նկատի չունեն, որ պետք է օրենքի դաշտից դուրս գալ, կատարել քայլեր, որոնք համատեղելի չեն օրենքի, Սահմանադրության հետ: