Ինչու է Հրազդանի բնակիչը դաժան վերաբերմունք ցուցաբերել շան նկատմամբ. մանրամասներ (տեսանյութ)
Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի բնակչի կողմից դաժան վերաբերմունքի արժանացած շան վիճակը շարունակում է ծանր մնալ: Կենդանին այժմ գտնվում է «Դինգո» թիմ հասարակական կազմակերպությունում։ ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ շունը, բացի արտաքին վնասվածքներից, ունի նաև կոտրվածքներ:
«Շան վիճակը բավականին ծանր էր, կարելի է ասել՝ մահամերձ: Հույս չունեինք, որ կապրի, բայց գիշերը լուսացրել է, միգուցեև՝ ապրի: Կլինիկայում շանը ցուցաբերվել է առաջին և անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ռենտգեն հետազոտությունն արվելու է այսօր»,- պատմեց Հովսեփյանը:
Դեպքի մասին Հրազդան քաղաքի բնակիչ Սուսաննա Անանյանը, ով եղել է դեպքի ականատեսը, ահազանգել է «Դինգո» թիմ ՀԿ. «Մեքենայով անցնելիս նկատել է, որ դիմացի մեքենայից շուն է կապված, և վարորդը քարշ է տալիս նրան, տեսել է, թե ինչպես է վարորդը քարով հարվածում շան գլխին: Սուսաննան կանգնեցրել է մեքենան, վարորդին ստիպել է՝ պարանը քանդել, որից հետո ահազանգել է մեզ: Տաքսի ենք ուղարկել, շանը բերել-հասցրել են կլինիկա»:
ՀԿ-ն հենց նույն պահին է հաղորդում ներկայացրել Ոստիկանություն: Հրազդանի բնակիչն արդեն ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և տվել բացատրություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
ՀԿ հիմնադիրը հավելեց, որ գործի ընթացքի մասին իրենց գրավոր կտեղեկացնեն:
Նշենք նաև, որ, ըստ տղամարդու բացատրության, ժամը 13.00-ի սահմաններում իրենց տան հարակից փողոցում քարերով խփել և սատկեցրել է իր և ընտանիքի անդամների վրա հարձակված փողոցային թափառող շանը։ Մտածելով, որ շունը սատկել է, կապել էր իր «Մերսեդես» մակնիշի մեքենային և քարշ տալով՝ տարել ու թողել էր դաշտում։
Արփինե Հակոբյան