Տեղի է ունեցել Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ապրիլի 3-ին, Մոսկվայում նախորդ օրը կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով շփումների ակտիվացման և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: Երկկողմ փոխգործակցության փոխշահավետ ուղղությունների շարքում նշվել են առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները:
Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունների իրականացման և կառույցի շրջանակներում նախատեսված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: Հանդիպման ավարտին նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիրը: