Ըստ ՄԱԿ-ի՝ մինչեւ 2050 թ. ՀՀ-ում բնակչությունը նվազելու է, իսկ Ադրբեջանում, Թուրքիայում եւ Իրանում՝ աճելու. Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «Իշխանության դեմոգրաֆիական շլացուցիչ ստերի մասին» վերտառությամբ: Նա մասնավորապես նշել է՝ մենք շարունակելու ենք պարտվել, եթե մեր երկրում իրական եւ կտրուկ փոփոխություններ չլինեն:
Գրառումը՝ ստորեւ.
«2019 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Մինչեւ 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»: Ինչպես միշտ մարդիկ ծափահարեցին այս շլացուցիչ գաղափարին, առանց հարցնելու՝ բա ո՞նց։
Մեկ տարի հետո՝ 2020 թվականին ոչ միայն չտեսանք 5 մլն-ի սկիզբը, այլեւ իշխանության տգետ եւ անպատասխանատու կառավարման հետեւանքով մոտավորապես 4000 տղամարդ կորցրինք եւ հազարավոր կանանց զրկեցինք լիարժեք ընտանիք ունենալու երջանկությունից։ Էլ չասեմ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ երկրում սեռերի հավասարակշռության խախտման հետեւանքով։
Ուզում եմ տեղեկացնել, որ հրապարակվել են ՄԱԿ-ի բնակչության կանխատեսումները, համաձայն որի Հայաստանում բնակչության թվաքանակը մինչեւ 2050 թվականը նվազելու է՝ 2 միլիոն 959 հազար մարդուց հասնելով 2 միլիոն 816 հազարի։ ՀՀ-ում գրանցվել է ծնելիության ամենացածր գործակիցը տարածաշրջանում։
Իսկ Ադրբեջանում, Թուրքիայում եւ Իրանում բնակչությունը կաճի։
Սա ահազանգ է, որ մենք շարունակելու ենք պարտվել, եթե մեր երկրում իրական եւ կտրուկ փոփոխություններ չլինեն»: