Տոկիոյի խաղերին պատրաստ կլինեմ 200 տոկոսով. Սիմոն Մարտիրոսյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Տոկիոյի խաղերին նա պատրաստ կլինի 200 տոկոսով:
«Չստացվեց այն, ինչի համար գնացել էի Եվրոպայի առաջնությանը: Կա մի վնասվածք, որի պատճառով չհասցրեցի լավ մարզավիճակի գալ: Չեմ հուսահատվում, շարժվում եմ առաջ և Տոկիոյին 200 տոկոսով պատրաստ կլինեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդը:
Մարտիրոսյանի խոսքով` ինքը վերջին վնասվածքը ստացել է մարզումների, այլ ոչ թե Քարվաճառում խաչքարերը տեղափոխելու ժամանակ: Այնտեղ միայն թեթև ցավեցրել է: «Այս անհաջողության համար արդարացում չկա, իմ օրը չէր, չստացվեց: Ամեն ինչ լավ է լինելու»,-շեշտեց նա:
Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների: 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չկարողացավ 215 կգ-ն: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: 109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում «զրո» ստացավ: Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե: