Չզարմանաք, որ վաղը զոհվածներին մեղավոր հռչակի. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Ներկայիս իշխանությունը այնքան է վախենում ամեն մի քաղաքացուց, որ ոստիկանությանը բերել, լցրել է այստեղ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում Դեմիրճյան փողոցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Վերջինս ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը այսօր մեղավոր է համարում բոլորին, բացի իրենից. «Այսօր ինքը ընդհանրապես մեղավոր չէ, ինքը մեղավոր է հռչակում ՀՀ-ում բոլորին, չզարմանաք, որ վաղը զոհվածներին մեղավոր հռչակի, միայն թե իր վրայից հեռու տանի իր կառավարման ընթացքում պատերազմի պարտությունը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Անդրադառնալով այսօր ԱԺ-ում վարչապետի՝ լուսավոր ապագայի վերաբերյալ կատարած հայտարարություններին, ասաց. «Երբ դեռ ծաղիկները չորացած չեն շիրիմների վրա, երբ դեռ մեր բազմաթիվ տղաների աճյունները գտնված չէն, մարդը խոսում է արդեն լուսավոր ապագայի մասին, մարդը, որը կործանման է տարել մի ամբողջ երկիր, բանակ: Այսօր նա խաբեության նոր փուլ է սկսում՝ խոսելով լուսավոր ապագայի մասին: Նա մնալու է արդեն իր պարտված անցյալում և ժողովուրդը նրան այդպես տրորելու է անցնի»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը:
Տեսանյութը՝ News.am -ից: