Վարդան Ղուկասյանն ընտրություններին չի մասնակցի. Նա կսատարի Ռոբերտ Քոչարյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Պատգամավորը որոշել է դուրս գալ քաղաքականությունից։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը վստահեցրեց, որ որևէ քաղաքական ուժի ցուցակում չի առաջադրվի, քանի որ չի ցանկանում պատգամավոր դառնալ, սակայն պատրաստվում է սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.
«Էն գլխից էլ ասել եմ ու մինչև այսօր ասում եմ, որ եթե Քոչարյանը մասնակցի, ես անպայման Ռոբերտ Քոչարյանին եմ պաշտպանելու։ Սա այն ժամանակ եմ ասել, երբ նորից ԱԺ պատգամավոր եմ ընտրվել, այնպես որ դա նորություն չէ։ Հարգում եմ ԲՀԿ-ի պատգամավորներին, իմ ընկերները, մտերիմներն են, շատ լավ մարդիկ են։ Հարգում եմ Գագիկ Ծառուկյանին, մենք մոտ ենք իրար հետ, բայց միշտ ներկայացրել եմ իմ կողմնորոշվածությունը»,-նշեց պատգամավորը։
Հարցին՝ հանդիպում ունեցե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հետ, Վարդան Ղուկասյանն ասաց, որ դա կարևոր չէ։ Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահին սատարելուն, ապա պատգամավորն ասաց. «Ասելու եմ իմ խոսքը և ովքեր ինձ վստահում են, հավատում են իմ խոսքին, ապա կնպատակաուղղվեն դեպի «Քոչարյան» դաշինք, որը ստեղծելու են ՀՅԴ-ն և Ռոբերտ Քոչարյանը»,-նշեց Վարդան Ղուկասյանը։
Վերջինս հավատացած է, որ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը հաղթանակ կտանի, քանի որ մարդիկ երեք տարվա ընթացքում գրեթե բոլոր ոլորտներում ականատես են եղել ձախողումների. «Ես առանց պատգամավոր լինելու սատարելու եմ, որովհետև մեր երկրի ճակատագիրն ինձ շատ է հետաքրքրում։ Հեղափոխության ժամանակ պաշտպանել եմ Նիկոլ Փաշինյանին, բայց փոշմանել եմ։ Կարծում էի՝ ինչ խոսք է տալիս, պետք է կատարի, բայց, ցավոք սրտի, խոստումներից ոչ մեկն էլ չկատարեց»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Դիտարկմանը, որ կան քաղաքացիներ, որոնք շարունակում են սատարել գործող իշխանություններին, Վարդան Ղուկասյանն արձագանքեց.
«Մեկը լույսն է սիրում, մյուսը՝ խավարը։ Ամեն մարդ իր կարծիքն ունի, բայց երբ նայում եմ, մեծամասնությունը պաշտպանում են սորոսականները, որոնք գրանտներ են շահում, ԼԳՏԲ-ի անդամներն են, որ արտոնություն ունեն և ԱԺ-ում ելույթներ են ունենում»,-ասաց պատգամավորը։
Հարցին՝ արդյոք քաղաքականության մեջ այլևս անելիքներ չունի, Վարդան Ղուկասյանն ասաց, որ քաղաքականությունից հեռու է ուզում պահել իրեն. «Ուզում էի հեռու մնալ, բայց եթե քո հետևից ինչ-որ մարդիկ են գնում, քաղաքականությունը քեզանով է զբաղվում»,-ասաց պատգամավորը։
Վերջինս ընդգծեց՝ հավատում է, որ երկրում առողջ ուժերը շատ են և տեսել են Ռոբերտ Քոչարյանի տարիների աշխատանքը. «Նա սիրում է հայրենիքը, դրա համար ուզում եմ, որ մեր երկիրը նա ղեկավարի։Ինքը կարող է ներկայացնել մեր երկիրը մնացած պետությունների, նախագահների մոտ»,-եզրափակեց Վարդան Ղուկասյանը։