Ավարտական միջոցառումներին ընդառաջ դպրոցներում իրականացվող դրամահավաքները սարսափելի են. Սամսոնյանը դիմել է ԿԳՄՍ նախարարին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմել է ԿԳՄՍ նախարարին:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին հայտնել եմ բազմաթիվ ծնողների ահազանգերի մասին, որ 2021 թվականի դպրոցական շրջանավարտների ավարտական միջոցառումներին ընդառաջ դպրոցներում իրականացվող դրամահավաքները սարսափելի են (այսպես են որակում բողոքող ծնողները)։
ԿԳՄՍ-ն վերջին երկու տարում հայտարարել է, որ խիստ վերահսկողություն կսահմանի դպրոցներում դրամահավաքի կազմակերպման գործընթացների վրա՝ բացառելով չարաշահումները։
Երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պայմաններում անթույլատրելի են միջոցառումներ կազմակերպելու համար ստիպել ծնողներին հավաքագրել գումարներ, որոնք նրանք ի վիճակի չեն տրամադրել։
Ձգտելով իրենց երեխաների համար անել հնարավորը և առավելագույնը՝ ծնողները հայտնվում են դժվար կացության մեջ և ստիպված լինում որևէ կերպ հայթայթել այդ գումարները։ Ընդգծեմ նաև, որ ավարտական միջոցառման համար ոչ ողջամիտ դրամահավաքները ստեղծում են անհավասար պայմաններ թե՛ երեխաների, և թե՛ ծնողների համար։
Գործընթացը պետք է վերահսկվի և չարաշահումները բացառվեն»,-գրել է Սամսոնյանը: