«Ադրբեջանում նույն ձմեռն ու ձյունը չե՞ն եղել, ինչպես է ստացվում, որ այնտեղ կարողանում են սահմանը կահավորել»
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ երեկ մայիսի 13-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ «նոյեմբերի 9-ից հետո մեծ փոփոխություններ են եղել, նաև ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել»:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԽ քարտուղարի հայտարարությանը, ռազմական փորձագետ, Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ասաց, որ հայկական կողմից միջոցներ չեն ձեռնարկվում՝ հայկական տարածքը պաշտպանելու համար:
«Ինձ հետաքրքիր է՝ այդ սահմանից 10 սմ այն կողմ՝ դեպի Ադրբեջան, նույն ձմեռն ու ձյունը չե՞ն եղել, ինչպես է ստացվում, որ Ադրբեջանը կարողանում է սահմանները կահավորել, զորք բերել ու ներխուժել Հայաստանի տաարծք: Ձյունը, անձրևը, մառախուղը, ցուրտը միայն մեր կողմի՞ց են եղել»:
Հարցին, թե ինչու համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել, սահմանները կահավորել, փորձագետը երկու պատճառ առանձնացրեց.
«Ըստ իս, կա՛մ ապիկար են, կա՛մ դավաճան, որովհետև պետության ամբողջ ռեսուրսները ուղղվել են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելուն, իրենց համակիրներին պարգևատրելուն, ինչ-որ մարդկանց աշխատանքի ընդունելուն և այլն, իսկ անվտանգության առաջնային խնդիրներին համապատասխան ուշադրություն չեն դարձրել: Կոնկրետ վերջին միջադեպի մասին դեռ մայիսի 5-ին զգուշացրել էինք, որ այսպիսի խնդիր կա Սյունիքի հատվածում, մի շաբաթ ոչինչ չարեցին, ու, ի դեպ, ձյուն չկար արդեն: Ինչպես է եղել, որ ադրբեջանցիները բերել են 200-250 զինվորական, իսկ նույն այդ տեղում հայերը չեն կարողացել զորք բերել»,- նկատեց Վրթանեսյանը:
Անդրադառնալով այն հրապարակումներին, որ Սյունիքի հետ կապված ընդդիմադիր քաղաքական գործիչներն են մեդիատեռոր իրականացնում, փորձագետը նշեց՝ ընդդիմադիրները ճիշտ էին, իսկ մեդիատեռոր իրենք են իրականացնում:
«Բացի ստելուց, խաբելուց, ժողովրդին մոլորեցնելուց ու մանիպուլացնելուց, մեծ հաշվով նաև Ադրբեջանին օգնելուց, ուրիշ ի՞նչ կարող են անել այս իշխանությունները, երեք տարի շարունակ ի՞նչ են արել»,- ընդգծեց ռազմական փորձագետը:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
Արփինե Հակոբյան