Արա Այվազյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ
Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։
Անդրադառնալով բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարներին՝ կողմերը գոհունակություն հայտնեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և այն առավել ընդլայնելու երկուստեք պատրաստակամության առնչությամբ։
«Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Վերջին շրջանում բավական ակտիվ են շփումները մեր երկրների ոլորտային ներկայացուցիչների միջև», - նշեց նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության մասին։ Ներկայացնելով ՀՀ սահմանամերձ որոշ մարզեր ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց ՀՀ ինքնինշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության անընդունելիությունն ու անթույլատրելիությունը: Արա Այվազյանը նշեց, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղակի հետևանք են անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու գործողությունների նկատմամբ ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի։
Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանման խիստ հրամայականը: