Այս պահին անհրաժեշտ է կասեցնել համայնքների խոշորացման ծրագիրը. Վահե Հակոբյան
Պատերազմից հետո Հայաստանը հայտնվեց նոր մարտահրավերների առաջ, տասնյակ համայնքներ դարձան սահմանապահ և ոչ թե սահմանամերձ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, «Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
«Մի քանի միջպետական, ինչպես նաև՝ համայնքային ճանապարհները հայտնվեցին թշնամու նշանառության, առանձին դեպքերում՝ վերահսկողության տակ։ Այս պայմաններում պետք է կատարել մեծ աշխատանք»,- ասաց նա՝ հավելելով, որ համաչափ զարգացած պետություն ունենալու համար առաջին հերթին պետք է ունենալ բարեկարգ ու անցանելի ճանապարհներ։
«Երեւանը պետք է հարմարավետ լինի երեւանցիների եւ գրավիչ՝ տուրիստների համար: Մենք հետամուտ ենք լինելու ՀՀ բոլոր համայնքների տրանսպորտային հասանելիությունը և համակարգի որակը բարձրացնելու գործին: Մենք կատարելու ենք անհրաժեշտ աշխատանքներ բեռնաթափելու համար Երևանի ճանապարհները։ Մենք կմշակենք Հայաստանի տրանսպորտային նոր սխեմա: Կմեկնարկվի ռազմավարական նշանակություն ունեցող եւ անավարտ ճանապարհների կառուցումը, մասնավորապես Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի, Աշտարակ-Թալին, Թալին-Գյումրի ճանապարհները: Մենք կարեւորում ենք Սիսիան-Քաջարան 60 կմ-անոց հատվածը, որը ներառելու է 12 կմ թունելային մաս: Դա կնպաստի Մեղրիի անցակետով անցնող բեռնափոխադրումների ծավալի մեծացմանը:
Մենք գտնում ենք, որ պետք է կասեցնել համայանքների խոշորացման գործընթացը եւ վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած փոփոխությունների դրական ու բացասական կողմերը:
Տրանսպորտային ցանցի զարգացումից է կախված ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկը՝ զբոսաշրջությունը: Մենք կարեւորում ենք ՀՀ-ում փոքր ավիացայի զարգացումը, որի հաջողված փորձն ունենք Սյունիքում: Հնարավոր կլինի իրականացնել Կապան-Երեւան, Երեւան-Գյումրի չվերթների: Այս փորձը հնարավոր է կիրառել նաեւ այլ մարզերում»,-ասաց նախկին մարզպետը:
Նա ընդգծեց, որ իրենք վերականգնելու են գյուղատնտեսության նախարարությունը. «Քայլ առ քայլ մեծացնելու ենք մշակվող հողերի մակերեսները, մշակելու ենք գյուղոլորտի սուսիդավորման նոր մոտեցումներ: Մթերումը պատշաճ ձեւով իրականացնելու համար վերամշակող ընկերություններին տրամադրվելու են անհրաժեշտ շրջանառու միջոցներ: Իրականացնելու ենք փոքր ու միջին ջրամբարաշինության ծրագիր: կառուցման են ենթակա 11 փոքր ու միջին ջրամբարներ»,-ասաց Վահե Հակոբյանը: