«Տոտենհեմը» դադարեցրել է բանակցությունները Կոնտեի հետ
Լոնդոնի «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դադարեցրել է բանակցությունները Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, հայտնում է Sky Sports-ը: 2020/21 մրցաշրջանում «Ինտերը» 2009/10 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: Կոնտեն, որը թիմը գլխավորում էր 2019 թվականից, մայիսի 26-ին հեռացավ գլխավոր մարզչի պաշտոնից:
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը հրաժարվել է Կոնտեին հրավիրելու գաղափարից, քանի որ մարզիչը չի ցանկանում աշխատել ակումբի երիտասարդ խաղացողների հետ և չի համարում «Տոտենհեմին» թիմ, որը «պատրաստ է այժմ գավաթներ նվաճել»: Ապրիլին «Տոտենհեմը» հեռացրեց գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին իր պաշտոնից։ Թիմը ժամանակավորապես ղեկավարում էր Ռայան Մեյսոնը: Լոնդոնյան ակումբը մրցաշրջանն ավարտեց Անգլիայի Պրեմիեր լիգայի յոթերորդ տեղով։