Հրավիրում ենք միջազգային դիտորդների ուշադրությունը «Պատիվ ունեմ»-ի նկատմամբ իրականացվող հետապնդումներին. Սոս Հակոբյան
Արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում են մասսայական ճնշումները «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։ Քաղաքական ենթատեքստով ապօրինի հետապնդումներն ուժգնացել են երեկվանից և այսօր առավոտվանից: Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը` Պատիվ ունեմ» դաշինքի հրատապ մամուլի ասուլիսում։
Սոս Հակոբյանը նշել է, որ ասուլիս հրավիրելու պատճառ է դարձել այսօր վաղ առավոտից «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների նկատմամբ հարուցված մասսայական քաղաքական հետապնդումները։
Նրա խոսքով` դաշինքի մի քանի տասնյակ պատգամավորության թեկնածուներ, շտաբների ակտիվիստներ, կողմնակիցներ բերման են ենթարկվում։
«Ունենք նաև ձերբակալվածներ։ Մոտ երեք տասնյակ անձ այսօր կանչվել է տարբեր քննչական մարմիններ բացատրություններ տալու։ Որոշ տեղերում կատարվել են խուզարկություններ»,- ասել է Հակոբյանը։
Նա մանրամասնել է, որ Վայոց Ձորում ձերբակալվել է դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը, որը կուսակցության Վայոց Ձորի գրասենյակի ղեկավարն է։
«Իրավապահ մարմիններն այսօր խուզարկություններ են իրականացրել թե կուսակցության գրասենյակում, թե Գոռ Սեդրակյանի բնակարանում, թե մեքենայում։ Այն տևել է մի քանի ժամ, ոչինչ չի հայտնաբերվել, ինչից հետո նրան ձերբակալել են»,- ասել է Սոս Հակոբյանը։
Նա հիշեցրել է, որ պատգամավորության թեկնածուն ունի անձեռմխելիություն, և ըստ օրենքի, նրան կարող են ձերբակալել այն դեպքում, երբ նա բռնվում է ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին կամ էլ կատարելուց անմիջապես հետո։ Միաժամանակ ընդգծեց, իրավապահ մարմինների ներկայացուցիչները Գոռ Սեդրակյանի հետ անցկացրել են ժամեր խուզարկությունների ընթացքում, չի հայտնաբերվել որևէ ապօրինի բան, չկա հանցակազմի ապացույց։
«Անգամ առանց նախաքննական նյութերին ծանոթանալու օբյեկտիվ դիտորդի համար ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Սեդրակյանի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Գայանե Պապոյանը։
Բացի Գոռ Սեդրակայանից, ձերբակալված է ևս երկու անձ։ Հակոբյանի խոսքով` իրավապահների կողմից ապօրինի քայլ է կատարվել Հրազդանում, 40 հոգի ներխուժել է գրասենյակ, խուզարկություններ իրականացրել առանց դատարանի թույլտվության։
«Հրազդանում նույնպես տակնուվրա անելուց հետո ոչինչ չեն գտել։ Մուտք են գործել նաև Գյումրիի գրասենյակ»,- ասել է նա։
Սոս Հակոբյանի խոսքով` բազմաթիվ ահազանգեր են ստացել կուսակցության անդամներից, կողմնակիցներից, որ իրենց մասսայաբար կանչում են ոստիկանության բաժիններ, մի քանի ժամ պահում, ինչպես նաև նրանց հետևում են։
«Հստակ ուղղորդված, համակարգված հետապնդումներ են, որոնք ունեն քաղաքական նպատակներ։ Մենք հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդների, լրատվամիջոցների ուշադրությունն այս դեպքերին, կոչ ենք անում աչալուրջ կերպով հետևել թե այսօր, թե վաղը որևէ ուժի կողմից իրականացվող ապօրինություններին»,- նշել է նա։