Դոննարուման հրաժեշտ է տվել «Միլանին»
Իտալիայի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման հրաժեշտ է տվել «Միլանին»: «Միլանի» հետ դարպասապահի պայմանագիրն ավարտվել է: Լրատվամիջոցները հայտնում էին, որ Դոննարուման կարիերա է ծավալելու ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում»: «Որոշումներ կայացնելը դժվար է, բայց դրանք աճի մի մասն են: Ես գործնականում երեխա հասակում եմ եկել «Միլան», ութ տարի շարունակ հպարտորեն կրում էի այս մարզաշապիկը, մենք կռվել, տառապել ենք, հաղթել, լացել, ուրախացել իմ թիմակիցների, մարզիչների և բոլորի հետ, ովքեր ակումբի մի մասն են, մեր երկրպագուների հետ միասին, մեր ընտանիքի անբաժանելի մասն եմ եղել երկար տարիներ», - Instagram-ի իր էջում գրել է 22-ամյա Դոննարուման: «Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու: Որոշումը, որն իսկապես հեշտ չէր, և մեկ տեքստը բավարար չէ այն բացատրելու համար, կամ գուցե նույնիսկ հնարավոր չէ բացատրել, որովհետև ամենախորը զգացմունքները դժվար է բառերով փոխանցել: Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ երբեմն գուցե ճիշտ է փոփոխություններ կատարել, տարբեր խնդիրների բախվել, աճել, կատարելագործվել», - գրել է ֆուտբոլիստը: