Գիշերը հակառակորդն անկանոն կրակոցներ է արձակել Սոթքի հանքի մոտակայքում․ ընկերության աշխատակիցները տարհանվել են
Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց միջով, հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից։
«Զինվորականների մեջ եղել է խնդիր, հնչել են անկանոն կրակոցներ, իսկ քանի որ աշխատակիցներն աշխատում են հենց սահմանին ու դիրքերին կպած, ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել ժամանակավոր դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին՝ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս գիշեր հերթապահ էր 150 աշխատակից, բոլորը տարհանվել են, տուժածներ չկան։ Առավոտյան ամեն ինչ հանդարտվելուց հետո հանքը սկսել է բնականոն աշխատանքը»,- ասացին ընկերությունից։
Հարցին՝ արդյոք հանքը վնասներ կրե՞լ է, ընկերությունից փոխանցեցին, որ հասցրել են տեխնիկան հեռացնել թեժ կետից։