Դուք հարված եք հասցնում այս պետությանը. Նազելի Բաղդասարյանը՝ ընդդիմությանը
«Ինձ համար ցավալի է, երբ ասում են՝ հողեր են հանձնվել, երբ խոսվում է կապիտուլյացիայի մասին»։ ԱԺ-ում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Մեր ընկած զինվորների արյունը չի կարելի պղծել։ Բանակը տարել է ահասարսուռ մարտեր և արել անհնարինը։ Եկեք հարգենք այս ամենը։ Ինձ համար ցավալի է, որ և՛ դահլիճում, և՛ դահլիճից դուրս մի դիսկուրս է ծավալվում, թե ով է ռուսամետ, ով արևմտամետ։ Հարգելիներս ՀՀ պաշտոնյան պարտավոր է լինել հայամետ, այլ միտվածություններ ես չեմ ընդունում։ Եթե պատրաստ եք պետականամետ գործունեություն ծավալել, ապա բարի եղեք այդ ամենը հայտնել նաև քաղաքական ամբիոնից»,-նշեց պատգամավորը։
Նազելի Բաղդասարյանը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, նշեց, որ պետական ինստիտուտները պարտավոր են հարգել։
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը հարված է հասցնում այս պետությանը։ Նա կոչ արեց մտածել պետական շահի մասին։
«Պետք է հասկանանք, որ անկախ մեր քաղաքական հայացքներից, շատ հարցերում պետք է միակարծիք լինենք։ Կառավարող խմբակցությունը հակված չէ երկիրը տանել կոլապսի կամ սահմանադրական ճգնաժամ առաջացնել։ Հստակ իմացեք, մեզ համար առավել գերադասելի չէ Իշխան Սաղաթելյանը, առավել գերադասելի չէ ընդդիմադիր որևէ գործիչ, մեզ համար առավել գերադասելի է պետության շահը»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։