Ընդդիմության ներսում կան տարաձայնություններ ԱԺ փոխխոսնակի թեկնածուի վերաբերյալ. Հայկ Կոնջորյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ սահմանադրական կարգավորումները չխոչընդոտելու համար՝ կապահովի ձայների նվազագույն քանակ, որպեսզի ընդդիմության թեկնածուն ընտրվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, սակայն ընդդիմության մեկ պատգամավոր ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը, ընդդիմությունից նաև պատգամավորներ են եղել, որ դեմ են քվեարկել կամ անվավեր են ճանաչել քվեաթերթիկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա նաև հայտնեց՝ նախապես տեղյակ են եղել, որ ընդդիմության մեկ պատգամավոր բացակայելու է և ապահովել են այնքան ձայն, որ ներառի նաև բացակա պատգամավորի քվեն.
«Ես վերահաստատում եմ, որ մեր քվեարկության պատկերը կլինի այնպես, որ եթե ընդդիմությունը դեմ չքվեարկի սեփական թեկնածուին, ապա կլինի 55 կողմ ձայն: Մեր տպավորությամբ՝ ընդդիմության ներսում կան տարաձայնություններ՝ իրենց իսկ թեկնածուի վերաբերյալ, եթե նրանք կհասկանան, որ այդ տարաձայնություններն անհաղթահարելի են, թող դիմեն, մենք, ելնելով կառուցողականության դիրքերից, կապահովենք այնքան ձայներ, որ սահմանադրության կարգավորումները աշխատեն»,-ասաց Հայկ Կոնջորյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ հանձնաժողովների ձևավորման վերաբերյալ քննարկումներ չեն եղել, քանի որ ընդդիմությունը մերժել է իրենց առաջարկը.
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք հանձնաժողովների վերաբերյալ քննարկումների, սակայն ընդդիմության կողմից այդ առաջարկը չի ընդունվել: Այս պահին որևէ քննարկում չկա»,-ասաց խմբակցության ղեկավարը: