Զինվորը երբեք սոված չի եղել. Գեղամ Նազարյանը՝ ՔՊ–ականներին
«Հնարավորինս շուտ պետք է հրապարակվի արցախյան վերջին պատերազմի զոհերի այն թիվը, որն իրականում կա»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ փոխնախագահԳեղամ Նազարյանը:
«Պաշտոնական և հիմնավոր թվեր պետք է հնչեն: Թե չէ տարբեր թվեր են հնչում, ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում, ինչը չի կարելի թույլ տալ»,-ասաց Գեղամ Նազարյանը:
Պատգամավորը հանդես եկավ բանակին ուղղված մեղադրանքները դադարեցնելու առաջարկով:
«Բանակը երբեք իդեալական չի եղել, սակայն այն հաղթել է Արցախյան առաջին պատերազմը, մինչև 2016 թվականն այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, 2016-ին այնպիսի հակահարված է տվել, որ հրադադար են աղերսել: Ու այդ բանակը՝ զինվորներն ու հրամանատարները, 44 օր պատերազմել են աշխարհի հզոր պետությունների զինված ուժերի դեմ: ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խնդիրը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը»,- նշեց պատգամավորը:
«Գլխավոր խնդիրը, որը պետք է պարզի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը սա է՝ ինչո՞ւ մենք չկանխեցինք պատերազմը: Ես կողմնակից չեմ այդ հարցերի շուրջ բաց քննարկումներ անցկացնելուն: Պնդում եմ, որ այդ քննիչ հանձնաժողովը ստեղծվի ու առանց լրագրողների այդ բոլոր հարցերը հնչեցնենք ու ստանանք հստակ պատասխան»,-ավելացրեց Գեղամ Նազարյանը: