Ստեփանակերտում արտակարգ իրավիճակ է. ո՛չ ջուր կա, ո՛չ գազ
Ստեփանակերտում արտակարգ վիճակ է՝ կապված ջրի և գազի հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Ջրի սակավության խնդիրը նախկին տարիներին չկար, քանի որ տեղահանված բնակիչների մեծ մասը հիմա վերադարձել է Ստեփանակերտ, և, հետևաբար, ավելացել է ջրի ծախսը: Շոգ եղանակ է, երաշտ, ինչի հետևանքով էլ չենք հասցնում ջուրը ամբարել և բաց թողնել»,- նշեց Հունան Թադևոսյանը:
Վերջինս ասաց, որ «Ջրմուղ կոյուղի» ընկերությունը, քաղաքապետարանը և համապատասխան բոլոր մարմինները կատարում են պրոֆիլակտիկ աշխատանքներ. «Քանի որ առաջիկայում ջերմաստիճանի նվազեցում չի սպասվում, փրկարարները և «Ջրմուղ կոյուղի»-ին համատեղ աշխատանքային խումբ են ձևավորել: Նրանք լուսաբացից մինչև ուշ գիշեր ջուր են մատակարարում բնակիչներին: Հրշեջ- մեքենաները, որոնք կարողանում են տանել 8 տ. տարողությամբ ջուր, անցնում են տնետուն և մարդկանց բաժանում այն: Բնակիչները գալիս են, և ով, ինչքան կարողանում ու հասցնում է, ջուր է վերցնում»,- ասաց Թադևոսյանը:
Մեր այն հարցին, թե բնակիչները արդյոք ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին, նա պաատախանեց, որ ամեն մարդ տարբեր կերպ է ընդունում այս խնդիրը. «Մարդիկ տարբեր են, օրինակ՝ հրշեջ-մեքենաները, որ հասնում են բակ, ուրախանում են, որ այդ օրն էլ ջուր կունենան: Այն մարդիկ, որոնք տարեց են և տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեն, հենց փրկարարներն են ջուրը բարձրացնում տուն»,- նշեց նա:
Անդրադառնալով քաղաքում գազի դադարեցմանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ այն ջրի պես ամբողջապես չի դադարել, այլ մատակարարվում է որոշակի ժամերով. «Այս պահին կատարվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ, հին խողովակներն են վերանորոգում, հենց այդ աշխատանքները ավարտվեն, նորից գազ կլինի»,- ասաց նա: