Թալիբները Պակիստանի «դուստր ձեռնարկությունն են» ու Հայաստանի երդվյալ թշնամին. Զոհրաբյան
Նոր վիետնամական սինդրոմի հոտ է գալիս: Ֆեյսբուքյան էջում նման խորագրով գրառում է կատարել ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հայ ազգը կուստուրիցայական իռացիոնալիզմի մեջ է։
Յուրաքանչյուր իրեն հարգող միջին վիճակագրական հայ, թրենդից հետ չմնալու համար, աֆղանական իրադարձությունների մասով իր գեոպոլիտիկ կարծիքն է հայտնում։ Ու անգամ նրանք, ովքեր քարտեզի վրա դեռ շարունակում են փնտրել Ատլանտիդան, մի մասն էլ երեկ Ատլանտիդա-Երեւան չվերթով եկել է տուն ու ահավոր գոհ է ատլանտիդյան զագարից, խորիմաստ տոնով գրում են՝ «Քաբուլը ընկավ»։ Բնականաբար, անգամ աչքաչափով տեղյակ չլինելով աֆղանական խնդրից, «Թալիբանից» ու հեռավոր պատկերացում չունենալով կատարվածի հարավկովկասյան հնարավոր ռեկաշետներից։
Իսկ տեղի ունեցածի ռիսկերը ավելի քան կոնկրետ ու առարկայական են։
Այլևս ակնհայտ է, որ՝
իսլամիստական շարժման հաղթանակը անխուսափելիորեն խթանելու է իսլամիստական թրենդը մեր թշնամի Թուրքիայում և Ադրբեջանում եւս։
Էրդողանն արդեն սկսել է բանակցել թալիբների հետ թե՛ ուղղակի, և թե՛ Պակիստանի միջոցով։ Չմոռանանք, որ թալիբները Պակիստանի «դուստր ձեռնարկությունն են» ու Հայաստանի երդվյալ թշնամին։
Այսպիսով, Թուրքիան ստանում է նոր բոնուսներ, իսկ Էրդողանի ախորժակի աշխարհագրությունը շատ լայն ու կոնկրետ է։
Բնական է, որ Ռուսաստանի սահմանային երկայնքով ապակայունացման նոր ականների տեղադրումը Հարավային Կովկասը տանելու է նոր ցնցումների, ու Հայաստանը չի կարող ցնցումների լավայից «թռնել»։
Մտածեք այդ մասին, որովհետև էն վաղը, որ գալու է և երևի արդեն ուշ է լինելու՝ կարծես թե տեղ է հասնում»։