Աղմկահարույց միջադեպ՝ Պապարացի ակումբի և «Ալեն-Էլեն» գիշերային ակումբի տիրոջ միջև. ըստ վարկածի՝ մահափորձ է եղել
Աղմկահարույց միջադեպ՝ Աբովյան 3 հասցեում վարձակալությամբ գործող Պապարացի սրաճարան-ակումբի, Վերև սրճարանի տնօրեն Շանթ Գոչեանի և ակումբ-սրճարանների տարածքի սեփականատեր Վոլոդյա Բեջանյանի միջև:
Աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ Շանթ Գոչեանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Վոլոդյա Բեջանյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել.
«Նշված տարածքը վարձակալությամբ տրված է ինձ արդեն մոտ 6 տարի։ Վերջին շրջանում տարածքի սեփականատիրոջ լ/ա Վոլոդյա Բեջանյանը մշտապես արհեստական խոչընդոտներ է ստեղծում ընկերության բնականոն աշխատանքի համար, արգելում է ընկերության տարբեր աշխատակիցներին մուտք գործել տարածք, անջատում է լույսերը, վերելակը։
Մոտ 1 տարի առաջ տարածքի սեփականատիրոջ ներկայացուցիչը խաբեությամբ, պատճառաբանելով, որ շտապ պետք է վաճառի տարածքը՝ լուծել է վարձակալության պայմանագիրը, որից հետո հրաժարվել է կնքել նոր պայմանագիր, սակայն վարձավճարները մշտապես ստացել է, և որևէ պահանջ կապված վարձավճարների հետ առ ներկա պահը ոչ գրավոր, ոչ բանավոր չի ներկայացրել։ Լ/ա Վոլոդյա Բեջանյանը ստացել է այդ թվում նաև օգոստոս ամսվա վարձավճարը 9500$-ի չափով։ Երբևէ որևէ գրավոր կամ բանավոր պահանջ չի եղել տարածքը ազատելու վերաբերյալ, իսկ ընկերության բազմաթիվ առաջարկներին նոր պայմանագիր կնքելու՝ մերժել է։
2021թ. օգոստոսի 15-ին ժամը գիշերը 12:30-ի սահմաններում հերթական անգամ անջատել է հոսանքը, արգելափակել վերելակը՝ ցանկանալով տարածքից դուրս չթողնել հյուրերին և անձնակազմին։ Իմ միջամտությունից հետո վերելակը միացրել են և թույլ տվել մարդիկ դուրս գան։ Մի քանի ժամ բանակցելուց հետո խնդրել եմ ողջամիտ ժամկետ տրամադրել տարածքից ընկերությանը պատկանող ողջ գույքը դուրս բերելու համար, սակայն Վոլորդյա Բեջանյանը, նրա թոռնիկ Վլադ Բեջանյանը և այլ անձինք թույլ չեն տվել գույքը դուրս բերել, փակել են դռները և առհասարակ արգելել մուտք գործել տարածք։ Ընկերությանը գրասենյակը ևս այդ տարածքում էր։
Ընկերության աշխատանքը ապօրինաբար խափանված է, գույքը՝ հափշտակված։ Ընկերության տնօրինությանը և աշխատակիցներին զրկել են իրենց պատկանող իրերը տնօրինելու, օգտագործելու իրավունքից»,- նշել է Գոչեանը և ընդգծել, որ ընկերությունը կրում է ահռելի վնասներ, ինչպես նաև խախտել է իր հաճախորդների առջև հանձն առած պարտավորությունները։
Նա նաև տեղեկացրել է, որ Պապարացի ակումբը և Վերևը այլևս նշված հասցեում գործունեություն չեն ծավալելու։
Արձագանքելով Շանթ Գոչեանի գրառմանը Վոլոդյա Բեջանյանի դուստր Էլեն Բեջանյանը հայտարարել է, թե Շանթ Գոչեանը մահափորձ է իրականացրել իր հոր դեմ և տեսախցիկների նկարահանումը շուտով կհանրայնացնի. «Պապարացի ակումբի տնօրեն Շանթը, այնքան ստոր է, որ կարող է գիշերը ժամը 1:00-ին ներխուժել մեր տուն և ընդամենը մեկ փաստաթուղթի համար, մահափորձի ենթարկել իմ հայրիկին, բարեբախտաբար անվտանգության աշխատակիցը ժամանակին է կանխել Շանթի կողմից կազակերպած մահափորձը»,- նշել է նա:
Ի դեպ, հիշեցնենք, որ Վոլոդյանը Բեջանյանին էր պատկանում ժամանակին Աբովյան 3 հասցեում գործող «Ալեն-Էլեն» գիշերային ակումբը, որը մերթ ընդ մերթ հայտնվում էր քրեական խրոնիկայում: Մասնավորապես, 2012 թ. այս ակումբի հաճախորդներից մեկը նռնակ էր նետել ակումբի մուտքի մոտ և պայթեցրել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ էին հոսպիտալացվել, 2014 թվականին ակումբը դարձել էր նոր հանցագործության դեպքի վայր, որի ժամանակ ծեծի միջոցով սպանվել էր ակումբի հաճախորդը:
Նկատենք, որ Շանթ Գոչեանի և Էլեն Բեջանյանի հրապարակումների մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը հիշել են այս և մի շարք այլ դեպքեր և Էլեն Բեջանյանին հորդորել անհապաղ հրապարակել իր հայտարարած մահափորձի վերաբերյալ տեսանկարահանած կադրերը, այլապես իրենք ստիպված են չհավատալ դրան:
Ի պատասխան մահափորձի վերաբերյալ հայտարարությանը թերահավատորեն մոտեցողների՝ Էլեն Բեջանյանը խնդրել է զինվել համբերությամբ. «Վստահեցնում եմ, որ ձեր բոլորի կասկածանքները շուտով կմարեն: Ինձ շատ եք գրում անձնական նամակով տարբեր հարցադրումներով, հավաստիացմում եմ, որ ֆոտոշոփով հնարավոր չէ վիդեո նկարել, և, իհարկե, ոստիկանությունը կփաստի։
Ինքս, իսկապես ձեր գրածները տեսնելով, հազիվ եմ ինձ զսպում, որ չեմ հրապարակում Շանթ Գոչեան-ի ծեծը ու բռնությունը իմ հաշմանդամ, թթվածնով շնչող, անկողնում գտնվող հայրիկի նկատմամբ։ Բայց կա մի ասացվածք « Համբերությունը ոսկի է»,- գրել է Էլեն Բեջյանը: