«Օրենքով գողը» կասկածվում է հանցավոր աշխարհի գանձարանից միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեջ
Քրեական հեղինակությունները Չեչնիայի գլխավոր օրենքով գող, 40-ամյա Ահմեդ Շալինսկուն, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Դոմբաեւ, կասկածում են գողական «օբշչակից»՝ հանցավոր աշխարհի գանձարանից 150 մլն ռուբլի (մոտ երկու մլն դոլար) յուրացնելու եւ մսխելու մեջ, տեղեկացնում է «Պրայմ Կրայմ»-ը։
Աթենքում տեղի ունեցած գողականների հավաքում ընդունված որոշման համաձայն, որտեղ հավաքվել էր մոտ երեք տասնյակ օրենքով գող, Ահմեդ Շալինսկին պետք է երեք օրում հաշիվ տա փողերի օգտագործման համար։ Հավաքը կայացել է Աթենքում, սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, 60-ամյա Կամո Սաֆարյանի (Գորկովսկի) գլխավորությամբ։
Կամո Գորկովսկին Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ)՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի պարագլխի վստահորդն է։ Ընդ որում՝ հավաքի մասնակիցների բոլոր փորձերը՝ կապվել Ահմեդ Շալինսկու հետ, անհաջող էին, ուստի նրա գողական տիտղոսի ուժը դադարեցվել է, ինչի մասին տեղեկացրին նրա հետ կապված ռուսաստանյան գաղութները։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Ահմեդ Շալինսկին փող ստացել է ոչ միայն Չելյաբինսկի մարզից, որտեղ կրում է տասնամյա պատիժը, այլեւ Սվերդլովսկի, Նովոսիբիրսկի, Կեմերովոյի, Վոլգոգրադի մարզերից եւ Ստավրոպոլի երկրամասից, որոնց համար պատասխանատու են նրան ենթակա «նայողները»։
Օրենքով գողերը հաշվել են, որ վերջին ժամանակներս Ահմեդ Շալինսկին շրջաններից հավաքել է առնվազն երկու միլիոն դոլար։ Սակայն, երբ նրան առաջարկել են փող հատկացնել տարեց քրեական հեղինակություններին աջակցելու համար, չեչեն օրենքով գողը հրաժարվել է անել դա։
Ընդ որում, ինչպես գրում է «Պրայմ Կրայմ»-ը, ինքը՝ Ահմեդ Շալինսկին, հայտարարել է, որ ոչ մի փող ոչ մեկից չի ստացել։ Սակայն գողական հանրույթի կողմից հարցաքննության ենթարկված ստվերային գանձապահները հավաստիացնում են, որ չեչեն օրենքով գողին մոտ կանգնածներն ամեն շաբաթ Գրոզնու բանկոմատներում կանխիկացրել են հարյուր հազարավոր ռուբլիներ։ Ինքը՝ Ահմեդ Շալինսկին, 150 միլիոն ռուբլի արժողությամբ բնակարան ունի Մոսկվայում եւ 300 մլն արժողությամբ տներ Չեչնիայում, բայց դրանց ձեռքբերումը բացատրում է այն միլիարդ ռուբլու առկայությամբ, որը վաստակել է նավթային բիզնեսով զբաղվելիս Չելյաբինսկի մարզում պատիժը կրելու ժամանակ։