Կասկած է առաջացել, դուք Արցախից վերջնականապես ուզում եք հրաժարվել. Արմեն Ռուստամյան
Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը ոչ մի նիստ չի գումարել, այսօր ԱԺ նիստում ասա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Իսկապես, մի զավեշտալի իրականության ենք մենք անընդհատ դեմ առնում, երբ փորձում ենք արժևորել, կարևորել Արցախի հարցը, մեզ միշտ ասում են՝ մենք ավելի կարևորված ու ավելի արժևորված ձև ունենք, այդ ձևով ենք աշխատում, դուք մեզ բաներ եք առաջարկում, որոնք բացարձակապես այդ նպատակին չեն ծառայելու և շեղելու են մեզ Արցախի հարցը մեր գլխավոր խնդիրը համարելու օրակարգից։ Սա դասական օրինակ է, երբ կարելի է մի բան ասել, բոլորովին այլ բան անել։ Այստեղ, երբ մենք Արցախի հարցը քննարկում էինք, ասացիք, որ ունենք միջխորհրդարանական հանձնաժողով, որը շատ ավելի բարձր մակարդակով գործող հանձնաժողով է և այդ հանձնաժողովի մակարդակը չպետք է իջեցնենք՝ այլ հանձնաժողով ստեղծելով։
Պարզվեց, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որն ընտրվել է 2020 թվականին, դրանից հետո ոչ մի նիստ չի գումարվել այդ հանձնաժողովի շրջանակներում։ Մենք եղել ենք Արցախի ԱԺ-ում ու հարցրել ենք իրենց՝ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ արել եք, թե՞ չէ։ Երբ մեկ անգամ պետք է արվեր Հայաստանում, մեկ անգամ Արցախում, ոչ մի անգամ չի արվել։ Այսքանից հետո դուք մերժում եք Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու գաղափարը, ընդհանրապես Արցախ անունը։ Արցախի 30-ամյակն ենք նշում, այս ցածր մակադրակով երբեք որևէ հոբելյան չի նշվել։ Եվ այսքանից հետո մեզ ուզում եք համոզել, որ Արցախն ավելի՞ եք կարևորում։ Մեզ մոտ ողջամիտ կասկած է առաջացել, որ դուք Արցախից վերջնականապես ուզում եք հրաժարվել»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը։