«Աստված իմ, ես մահացե՞լ եմ»․ Ռոնալդուի գնդակի հարվածից տապալված աղջիկը նկարագրել է՝ ինչ է զգացել (լուսանկարներ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Յանգ Բոյզ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը Ռոնալդուի գնդակի հարվածից վնասվածք ստացած աղջիկը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ միջադեպի մասին:
Ինչպես հայտնել ենք, նախախաղային տաքացման ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվողը պատահաբար գնդակով հարվածել էր մարզադաշտի անձնակազմի անդամներից մեկին: Աղջիկը ընկել էր հարվածից, նրան բժիշկական օգնություն էր ցուցաբերվել: Ռոնալդուն այդ պահին մոտեցել էր իր «զոհին» և անձամբ համոզվել, որ իր առողջությանը ոչինչ չի սպառնում:
«Դա շատ ուժեղ հարված էր: Գնդակը դիպավ գլխիս, և ես ընկա: Այնուհետև ես տեսա Ռոնալդուին իմ առջև և ասացի. «Աստված իմ, ես մահացե՞լ եմ»: Դա շատ ուժեղ հարված էր, բայց երբ ես տեսա Ռոնալդուին, ամեն ինչ անմիջապես անցավ»,- Մարիսին մեջբերում է Daily Star֊ը:
«Յանգ Բոյզ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվեց շվեյցարական ակումբի կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ։