4-րդ օրն է՝ շուռնուխցու 11 ձի է անցել ադրբեջանական կողմ. ձիերին չեն վերադարձնում. գյուղապետ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակչի Գրիգոր Դարբինյանի 11 ձին արդեն 4-րդ օրն է՝ գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:
Վերջինս ասաց, որ ձիերը, օգտվելով խոտից, մի քիչ աջ, մի քիչ ձախ են արել ու անցել սահմանը: Մեր այն հարցին, թե ինչպես է ձիապանը բացահայտել, որ ձիերն անցել են հենց ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքը, գյուղապետը պատասխանեց. «Ձին այլ կողմ չէր կարող գնալ և, բացի դա, ինչ-որ տեսնող է եղել՝ դրանք անցել են ադրբեջանական կողմը»,- նշեց Հակոբ Արշակյանը:
Ըստ նրա խոսքերի՝ այս պահին էլ զբաղված են այդ հարցի լուծմամբ. «Սահամապահ զորքերը, մեր հրամանատարությունը հենց այս պահին զբաղված են ձիերի վերադարձի խնդրով, այդ հարցն են փորձում լուծել»: