Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է. Միրզոյան
Սա Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան, որը վկայում է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին: Այս մասին Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ընդգծեց, որ այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում.
«Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Նա նաև գոհունակություն հայտնեց հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով:
Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ այս տարի հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակն է լրանում, ուստի պետք է քայլեր ձեռնարկել՝ տնտեսական, քաղաքական, անվտանգության և մշակութային ոլորտներում հարաբերությունների բարձրացման ուղղությամբ: