ԱՄՆ պաշտպանության նախարարը կտրուկ է արձագանքել «3+3» պլատֆորմին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ժամանակ խոսել է «3 + 3» ձևաչափի ստեղծման առաջարկի և Վրաստանի հնարավոր մասնակցության մասին, ինչպես նաև քննադատել Ռուսաստանին, հաղորդում է «Interpressnews»-ը:
Ըստ պաշտոնյայի` Հարավային Կովկասի երկրները պետք է ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը և փոխգործակցեն միմյանց հետ:
«Նախքան որեւէ նոր պլատֆորմի մասին խոսելը, Ռուսաստանը, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20%-ը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի պայմանագիրը», - ասել է Օսթինը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը: Լավրովը նշել էր, որ Իրանը դրական դիրքորոշում ունի այդ նախաձեռնությանը՝ ինչպեսև Թուրքիան ու Ադրբեջանը, նաև հույս էր հայտնել, որ Վրաստանը հետաքրքրություն կցուցաբերի այդ հարցում: Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ-ն հերքել էր տեղեկություններն այն մասին, ըստ որի՝ գերատեսչության ղեկավարը հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը մասնակցելու ձևաչափի վերաբերյալ քննարկումներին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ, հավելում է լրատվամիջոցը: