Ուրախ եմ, որ տուն եմ վերադարձել․ Բիլլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից (տեսանյութ)
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո իր առաջին տեսաուղերձն է հրապարակել Twitter-ի իր էջում, որում ասել է, որ իրեն հիանալի է զգում։
«Ես շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն: Ինձ հիանալի եմ զգում` վայելելով աշնանային գեղեցիկ եղանակը», - ասել է Քլինթոնը: Նա երախտագիտություն է հայտնել UC Irvine բժշկական կենտրոնի աշխատակիցներին, որտեղ նա բուժում էր ստանում, և խորհուրդ է տվել, որ բնակչությունը հոգա իր առողջության մասին:
Միացյալ Նահանգների 42-րդ նախագահը (պաշտոնավարել է 1993-2001 թվականներին) հոկտեմբերի 12-ին հոսպիտալացվել էր Կալիֆոռնիայում, սակայն այդ մասին հայտնի էր դարձել միայն երկու օր անց: CNN- ի փոխանցմամբ՝ 75-ամյա Քլինթոնի մոտ առաջացել է միզուղիների վարակ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր նրա խոսնակ Անգել Ուռենյան, Քլինթոնը նախատեսում է վերադառնալ Նյու Յորք։