Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա թուրք գործընկեր Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում պաշտպանական հարցերի ու անվտանգության խնդիրների, նախ և առաջ՝ Սիրիայում վերջերս ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - հայտնել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր Հոմս նահանգի տարածքում իսրայելական օդուժի ավիահարվածի մասին, որի հետեւանքով երկու սիրիացի զինվորականներ վիրավորվել էին։
Մինչ այս Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարձակում էին գործել Դամասկոսի մերձակայքում գտնվող տարածքի վրա։ Հարձակումը պատճառել է «նյութական վնաս», ասել է սիրիական բանակի ներկայացուցիչը։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել այս հաղորդագրությունը։