Մի «լայքի» պատմություն․ պոլիկլինիկայի տնօրենի ազատումը քաղաքական ենթատե՞քստ ունի
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Սյուզաննա Բալայանը շարունակում է պնդել՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու նրա տեղակալն են իրեն ստիպել ազատվել պաշտոնից, քանի որ պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը՝ թերապևտը, հանդգնել է «լայքել» մի լուսանկար, որտեղ երևում էր Լոռիի ՔՊ-ական մարզպետի հատակին ընկած նախընտրական բուկլետը։ Տնօրենի խոսքով՝ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը հրահանգել է աշխատանքից ազատել տվյալ բժշկին, բայց երբ հրաժարվել է կատարել ցուցումը, վերջինիս ևս ասել է՝ ազատման մի դիմում էլ նա գրի։ Երեկ՝ նոյեմբերի 25-ին, պոլիկլինիկայի անձնակազմը բողոքի ցույց ու գործադուլ էր իրականացնում՝ պահանջելով աշխատանքի վերականգնել մարզպետի որոշմամբ աշխատանքից ազատված տնօրենին, քանի որ այդտեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը թեև նշեց՝ տեղյակ է խնդրին, բայց ժխտեց, թե պոլիկլինիկայի տնօրենի ազատումը որևէ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ․ «Տնօրենի ազատման պատճառը պոլիկլինիկա այցելած քաղաքացիներից ստացված դժգոհություններն են, որոնց մասին նրան բազմիցս բանավոր ասվել է, բայց դրանք չեն վերացվել։ Ինչ ասեք կարող են խոսել, բայց նման բան չի կարող լինել»,- ասաց մարզպետը:
Դիտարկմանը՝ արդյո՞ք իր տեղակալը զրուցել է պոլիկլինիկայի տնօրենի հետ, հնարավո՞ր է հենց նա է հրահանգ տվել, մարզպետն ասաց․ «Ես դետալների մեջ չեմ խոսացել։ Պոլիկլինիկան մարզպետարանի վերահսկողության տակ է և չի բացառվում, որ հրավիրած լինեն, խոսեն իր հետ։ Բայց այն բովանդակությունը, որ ներկայացվում է, ես դա բացառում եմ։ Ես չգիտեմ՝ ով է ում լայքել կամ չի լայքել, ինտերնետի դար է»,- նշեց նա։
Մեր ճշտող հարցին, թե այսինքն` եթե ագամ «լայքած» լիներ, դրա համար աշխատանքից չէի՞ն ազատի՝ մարզպետը պատասխանեց. «Այդ տնօրենին ես եմ նշանակել, էնպես չէ, որ հին աշխատող է կամ այսպես ասած` նախկիններից է: 8-9 ամիս աշխատել է, թերացել է, աշխատանքից ազատվել է»,- եզրափակեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Սոնա Հարությունյան