Հնարավոր էր, որ ՔՊ-ն Վանաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրեր. Լոռու մարզպետ
Երեկ տեղի է ունեցել Վանաձորի ավագանու ՔՊ խմբակցության նիստը, ընտրվել է խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանը, որոշում է կայացվել, որ այսօր պետք է գնային ավագանու անդրանիկ նիստին, բայց քանի որ այսօր առավոտյան 10/15-ի սահմաններում հայտարարություն է տարածվել, որ դատարանի որոշմամբ նիստը չեղարկվում է, մեր խմբակցությունը չի գնացել եւ չի մասնակցել նիստին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» քայլին, որի հայցի հիման վրա էր դատարանը որոշում կայացրել, ինչը շատ գործիչներ գնահատել են որպես ծառայություն ՔՊ-ին, մարզպետն ասաց, որ ԼՀԿ-ի քայլը նորմալ է համարում, նրանք օգտվել են իրենց իրավունքից. «Նրանք կասկածներ ունեն, որ իրենք պետք է ունենային այդ մեկ մանդատը, ինչը վիճարկում են դատարանում: Իմ կարծիքով, քանի որ առաջին նիստով պետք է քաղաքապետ ընտրվի, իրենք էլ են ուզում մասնակիցը լինել այդ ընտրությանը: Էդմոն Մարուքյանն ի՞նչ հետագիծ ունի, իրենք եղել են ԱԺ-ում ընդդիմություն, շատ հարցերում մեզ քննադատել են: Նրանք իրենց իրավունքն են ուզում պաշտպանել այս պահին»:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՔՊ-ն Վանաձորի համայնքապետի թեկնածու առաջադրելու է, թե ոչ, եւ արդյոք այդ հարցով բանակցում է այլ ուժերի հետ, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Այս պահին դեռ քաղաքապետի թեկնածուի մասով հստակ որոշում չունենք: Մենք հիմա ժամանակ ունենք, տեսնենք՝ ինչով կավարտվեն դատական պրոցեսները: Դրանից հետո կքննարկենք եւ որոշում կկայացնենք: Երեկվա խմբակցության նիստում որոշում է կայացվել, որ տեղում չի բացառվում, որ որեւէ քաղաքական ուժ՝ ՀԱՍԿ-ը կամ «Ապրելու երկիրը» առաջադրեին թեկնածու եւ քվեարկվեր, նաեւ ՔՊ-ն առաջադրեր թեկնածու: Իրենք ազատ էին այդ որոշման մեջ»:
Նա ընդգծեց, որ ՔՊ-ն Մամիկոն Ասլանյանի թեկնածության օգտին չէր քվեարկի: