Ես չեմ ուզում, որ Հայաստանը վերածվի թուրքական «ֆուռ»-երի համար սպասարկման սրահի. Անժելա Էլիբեգովա
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր խոսքն ուղղեց այն քաղաքացիներին, որոնք դեռ տատանվում են՝ միանա՞լ բողոքի ակցիաներին ու հանրահավաքներին, թե՞ ոչ։
Նա ներկայացրեց՝ ինչու, հանուն ինչի են տասնյակ հազարավոր քաղաքացիներ և անձամբ ինքը մասնակցում համընդհանուր պայքարին։
«Ես այստեղ եմ, որովհետև չեմ ուզում, որ Հայաստանը վերածվի թուրքական «ֆուռ»-երի համար սպասարկման սրահի՝ երկու կոպեկի համար։ Ես չեմ ուզում, որ թուրքերը մեր երկրում թարս նայեն մեր կանանց՝ մեզ։ Ես ուզում եմ ապրել արժանապատիվ։ Ես ուզում եմ, որ զոհվածների ծնողները լինեն հարգված, պատերազմում իրենց առողջությունը կորցրած տղերքը լինեն հարգված, որ նրանց չվիրավորեն, որ այդ «արժեհամակարգը» մեր մեջից վերջնականապես դուրս գա։
Որ մարդիկ, «Նիկոլ» վանկարկելով, տղերքի թարմ շիրիմների վրայով չքայլեն Եռաբլուրում, որ չծիծաղեն Եռաբլուրում, որ չասեն, թե մեր զոհերը «հանուն ոչնչի» էին ու հետո իրար ծափ տան ԱԺ-ում։ Ես դրա համար եմ այսօր այստեղ։
«Նրանք «դուխով» են, մենք՝ ոգով ու Աստծով։ Նրանք «հպարտ» են, մենք՝ արժանապատիվ։ Նրանք մեզ վրա մատ են թափ տալիս, բայց կոչ եմ անում հիմա մեր ցուցամատը բարձրացնենք ու լավ թափ տանք․ Արցախը երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց Անժելա Էլիբեգովան։
Բազմահազարանով հանրահավաքի մասնակիցները միացան նրա կոչին ու միասին վանկարկեցին՝ «Արցախ, Արցախ»։