Ռուսաստանը կաջակցի Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը. Զախարովա
Ռուսաստանը կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը, որը համանախագահում են երեք երկրների փոխվարչապետերը (Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան)՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով»,- ասել է նա։
ՌԴ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ հունիսի 3-ին կայացել է այս խմբի հերթական հանդիպումը, որի ընթացքում «կողմերը մոտեցրել են իրենց դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ», իսկ հունիսի 16-17-ին շարունակվել են քննարկումները Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Ռուսական կողմը կշարունակի սերտ օգնություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Զախարովան։