Պայթյունից տուժած 4 անձ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում. նրանցից մեկի վիճակը ծանր է
Աշտարակում «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից հետո Այրվածքաբանության ազգային կենտրոն է դիմել 4 տուժառու, բոլորը վերակենդանացման բաժանմունք են են տեղափոխվել, նրանցից մեկի վիճակը ծանր է՝ հաշվի առնելով այրվածքների տոկոսը, մոտ 40 տոկոս մակերեսով այրվածքներ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
«Հիմնականում 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի այրվածքներ են, որովհետեւ անմիջապես բոցը խփել է դեմքին և վերին վերջույթներին: Մյուս հիվանդները 15-20-25 տոկոս մակերեսով այրվածքներ են ստացել: Հիմնական հիվանդների ախտանիշներից ամենակարեւորը ինհալացիոն այրվածքներն են, այսինքն շնչուղիների այրվածքները: Փակ տարածքում կրակ է եղել, հետեւապես, բոցի հետեւանքով տեղի է ունենում վերին շնչուղիների այրվածք:
Ավելի քիչ այրվածքներ ունեցողներին կհետեւենք վերակենդանացման բաժանմունքում, տեսնենք, եթե այլ բարդություններ չլինեն, հնարավոր է 1-2 օրից նրանց տեղափոխենք այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունք»,-ասաց նա:
Բժշկի խոսքով, հիվանդներից մեկը, 33-34 տարեկան տղամարդ, ավելի երկար կմնա վերակենդանացման բաժանմունքում:
Նա տեղեկացրեց, որ 4 հիվանդներից մեկը կին է, երեքը՝ տղամարդ, տղամարդկանցից մեկը բանկի հաճախորդ է: