Իրանում լրտեսության մեղադրանքով՝ օտարերկրյա դիվանագետներ են ձերբակալվել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները ձերբակալել են մի քանի օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ջայլս Ուիթաքերին, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Թեհրանում ձերբակալվածների թվում են Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը և Ավստրիայի դեսպանատան մշակութային կցորդի կինը։ Նշվում է, որ օտարերկրացիները կասկածվում է լրտեսության մեջ։ Դիվանագետը, ըստ ԻՀՊ կորպուսի տվյալների, հողի նմուշներ է վերցրել։
Երկրի հետախուզական ծառայության տվյալներով՝ նմուշները վերցվել են Իրանի Քերման նահանգի Շեհդադ քաղաքի անապատի արգելված գոտում՝ հրթիռային փորձարկումների վայրի մոտակայքում։
Ձերբակալված մյուս երկու օտարերկրացիներն Իրանում Ավստրիայի մշակութային կցորդի ամուսինն է և Լեհաստանի համալսարանի պրոֆեսոր Մաչեյ Վալչակը, ով կալանավորման պահին Իրանում է եղել՝ որպես զբոսաշրջիկ։
Իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուիտակերը վտարվել է տարածքից ներողություն խնդրելուց հետո: Իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հերքում է իրենց հյուպատոսի կալանավորման մասին լուրը։
«Իրանում բրիտանացի դիվանագետին կալանավորելու մասին տեղեկությունները լիովին կեղծ են»,- Reuters-ը մեջբերում է գործակալության պաշտոնյայի հայտարարությունը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանում վերջին տարիներին տասնյակ երկքաղաքացիներ և օտարերկրացիներ են ձերբակալվել՝ հիմնականում լրտեսության մեղադրանքով: