Դահրավ գյուղում տեղահանված 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները. Արտակ Բեգլարյան
Երեկ երեկոյան Դահրավ գյուղում մասնակցել եմ «100 տուն Արցախում» ծրագրի բնակարանամուտի արարողությանը, որի շրջանակներում տեղահանված 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Բնակարանային կարիքները արցախցիների հումանիտար խնդիրների շարքում բավականին սուր են արտահայտված, և այսօր շատ սպասված էր ևս 6 ընտանիքի ամուր ծածկով ապահովելու իրողությունը:
Համոզված եմ, որ այս նորակառույց բնակարանների կողքին բարձրանալու են նորերը, և «100 տուն Արցախում» ծրագիրը ամրացնելու է հայկական Արցախի ներկան ու երկարաժամկետ ապագան: Այս ծրագիրը գործնական ու խորհրդանշական միջոց է Արցախի ապագային միտված հայության ջանքերի համատեղման համար, և կառավարությունը պատրաստ է շարունակել կանգնել նման նախաձեռնությունների կողքին:
Անձնապես շնորհավորել եմ բոլոր ընտանիքներին, և շնորհակալություն հայտնել ծրագրի նախաձեռնող խմբին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամին, բոլոր նվիրատուներին ու աջակիցներին:
Նշված 6 տները կառուցվել են ԱՀ կառավարության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ, որոնցից յուրաքանչյուրի նվիրատուներն են եղել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի պետական համալսարանը, «Երեմյան պրոջեքթս», «Արմսվիսբանկ» և «Դիջիթեյն» ընկերությունները: