Արաբական աշխարհը չեզոք է ՀՀ-ի նկատմամբ, բայց ռուսական գործոնը որոշակի հետաքրքրություն է ստեղծում․ Գասպարյան
Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, արաբական աշխարհը մշտարթուն հետևում էր իրադարձությունների զարգացմանը, երբեմն այս կամ այն դիրքորոշումն արտահայտելով։ Արաբական աշխարհը մեծ հաշվով համերաշխ ու բարեկամաբար է տրամադրված հայությանը, Հայաստանին։ Ինչպիսի՞ն է արաբական երկրների վերաբերմունքը այժմ, ի՞նչ փոփոխություններ կամ առանձնահատկություններ կան, որոնք պայմանավորված են վերջին շրջանում տեղի ունեցած գլոբալ վերադասավորումներով։
«Արաբական երկները, պետությունները, ինչպես աշխարհի մյուս երկրները, առաջնորդվում են իրենց պետական, տեղեկատվական, քարոզչական նարատիվներով, թեզերով և այն շահերով, որով ներկայացնում է տվյալ հեռուստաընկերությունը և լրատվամիջոցը։ Եթե պետական լրատվամիջոց է կամ պետության մասնաբաժին կա այդ հեռուստաընկերությունում կամ լրատվամիջոցում, ապա իրենք պահում են այնպիսի քաղաքականություն, ինչը չի կարող հակասության մեջ մտնել պետական քաղաքական կուրսի հետ»,- թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման դիտարկումներ արեց քգթ, դոցենտ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
Նրա պնդմամբ, խոսքը, մասնավորապես, վերաբերում է արաբական 3-4 պետությունների Սիրիա, Լիբանան, Եգիպտոս և Իրաք։
«Այս երկրներն ավելի ինտենսիվ են հետաքրքրված հարավկովկասյան իրադարձություններով՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Հարավային Կովկասը Միջին և Մերձավոր Արևելքի օրգանական շարունակությունն է հյուսիսային ճակատով, հյուսիսային ուղղությամբ։ Եվ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, բնականաբար, շաղկապված են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հարցին, թե ինչպես են արձագանքում նույն այդ երկրները մեր տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, Աբրահամ Գասպարյանն ասաց․
«Անդրադարձները հիմնականում լինում են չեզոք, չէի ասի, թե դրանք պրոհայկական կամ պրոհայաստանյան են, թեև 1-2 լրատվամիջոց կա, որոնց ռեսպոդենտների կամ հրավիրված հյուրերի շրջանում պրոհայկական դիրքորոշում ունեցող մարդիկ են լինում։ Պարզ է, որ ցանկացած լրատվամիջոց իր օբյեկտիվության չափաբաժինը, կենսունակությունը, դիտելիությունը ապահովելու համար պարտավոր է երկրորդ կարծիք անպայման ապահովել»։
Մեր զրուցակցի բնորոշմամբ, արաբական վերոնշյալ պետությունները Հայաստանն ու Արցախն արդեն դիտարկում են պոստպատերազմյան շրջանում, մեզ համարելով պատերազմում պարտված պետություն, և նրանց ավելի շատ հետաքրքրում է Հայաստանի միջոցով ռուսական դերակատարումը։
«Այսինքն, այս պրիզմայով են արդեն փորձում դիտարկել, թե արդյո՞ք ռուսական գործոնը կընդլայնվի ու կտարածվի իրենց տարածաշրջանի վրա, որովհետև Հարավային Կովկասը գերտերությունների՝ Ռուսաստանի և Արևմուտքի պրոքսիպատերազմների հերթական կռվանն է, որն անմիջականորեն ազդում է նաև Մերձավոր արևելյան երկրների վրա»,- ամփոփեց Աբրահամ Գասպարյանը։
Զրուցեց՝ Արա Ալոյանը