Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ
Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ իրենք հենց այս պահին, լինելով նաև Ադրբեջանի քաղաքացիներ, ենթարկվում են կրկնակի բռնագաղթման, բայց այս անգամ արդեն հայրենական իշխանության գործուն աջակցությամբ։
Անդրադառնալով Բերձոր, Աղավնոյի և Սուսի հայաթափման ու էթնիկ զտումների ենթարկվելու խնդրին, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այս մասին նշեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Ի դեպ, հակիրճ անդրադառնամ «ուրիշի տարածք» արտահայտությանը, որն այս օրերին հատուկ եռանդով փորձում են նյութականացնել որոշ պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Այդ մարդկանց և թուրքական քարոզիչներին խորհուրդ կտայի գոնե հպանցիկ ծանոթանալ Գյուլիստանի (1813 թ.) և Թուրքմենչայի (1936 թ.) ռուս֊պարսկական պայմանագրերին և մատնանշել որևէ կետ, որում հեռավոր ակնարկ կլիներ իբր թե այդ տարածքները Թուրքիային պատկանելու մասին»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Գևորգ Դանիելյանի պնդմամբ, Արցախի, իսկ մեր օրերում արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը հայտնվել է խիստ վտանգավոր գոտում, ինչից բխում է, որ զուտ անվտանգություն երաշխավորելու նկատառումով վիճահարույց տարածքներ զբաղեցնելը որևէ կերպ հակասության մեջ չէ միջազգային իրավունքի սկզբունքների հետ։
«Հենց այս պահին Իսրայելը զբաղեցնում է ոչ թե Պաղեստինի որևէ խնդրահարույց տարածք, այլ միանշանակ հենց Պաղեստինին պատկանող տարածք, որպիսի փաստն ընդունում են պաշտոնապես։ Սակայն Իսրայելը իմպերատիվ հայտարարում է, որ չի պատրաստվում ազատել այդ տարածքները, քանի դեռ չի երաշխավորվել անհրաժեշտ անվտանգություն։ Այս համատեքստում մենք անգամ ակնարկ չենք անում Արծվաշենի և այլ զուտ հայկական բնակավայրերի մասին»,-եզրափակեց փորձառու իրավաբանը։
Զրուցեց՝ Արա Ալոյանը